Դեռևս քվեարկություն չի եղել, բայց Հայկ Մարությանի մասին արդեն «անցյալ կատարյալով» եք խոսում․ Թեհմինա Վարդանյան

Դեռևս քվեարկություն չի եղել, բայց Հայկ Մարությանի մասին արդեն «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր «Կարգին Հայկին», ի՞նչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա Ձեր կուսակցությունից դուրս է եկել»,- ասաց Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

«Ի՞նչ է պատահել, ժողովուրդ. Այստեղ երեք կետ կա. կամ դուք չափազանց դանդաղ եք աշխատել այս երեք տարվա ընթացքում, այդ թվում ձեր քաղաքապետը: Կամ դուք բոլորդ տառապում եք Դանինգ Կրյուգերի սինդրոմով: Ով չգիտի, թող մտնի վիկիպեդիա կարդա, որովհետև դա շատերիդ փառահեղ բնութագրումն է: Եվ երրորդը՝ ձեր ջրերը մի առվով չեն հոսում»,-ասաց Վարդանյանը:

Ավագանու անդամն ընդգծեց, թե չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին։ «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչև այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե որևէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։

Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ հարցնելով․ «Դուք հիմա սև՞ եք, թե սպիտակ»։

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները: