ԱՄՆ ռազմական փորձագետների անհանգստությունները

Վերջին շրջանում հաճախ ենք անդրադարձել ԱՄՆ հարաբերություններին Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի հետ։ Եվ ահա Ամերիկայից տեղեկություններ եկան, որ ամերիկացիներն իրենք են սկսել շատ լավ գիտակցել, որ ԱՄՆ-ը դառնում է բավականին խոցելի երկիր։

ԱՄՆ-ում գոյություն ունի հեղինակավոր ու շատ ազդեցիկ ամսագիր՝ «National Interest»-ը։ Մի քանի օր առաջ ամերիկացի ռազմական փորձագետ Մարկ Էպիսկոպոսը փորձել է ԱՄՆ հանրությանը ներկայացնել այսօրվա գլոբալ ռազմավարության իրավիճակի իրատեսական պատկերացումը։ Ռուսական գերձայնային զենքերը կասկածի տակ են դնում օվկիանոսներում ամերիկյան նավատորմի գերակայությունը, քանի որ Միացյալ Նահանգները չունեն գերձայնային թիրախներ հայտնաբերելու և որսալու միջոցներ, ասել է ամերիկացի ռազմական փորձագետը։ Նա նաև պնդում է, որ ռուսական «Ցիրկոն» հրթիռները փաստացի ոչնչացնում են ԱՄՆ ռազմածովային նավատորմի ավիակիր հարվածային խմբերի (CSG) ողջ հզորությունը: Փորձագետը կարծում է, որ ռուսական զենքի բազմաթիվ մշակումները Մոսկվային առավելություն են տվել ցանկացած թշնամու նկատմամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը ռուսների համար այլևս «անկասելի ծովային հսկա» չեն։

Ռուսաստանի մեկ այլ առավելություն վերլուծաբանը համարում է մեծ թվով ավիակիրներ ձեռք բերելու անհրաժեշտության բացակայությունը, քանի որ երկիրն իր նավատորմն օգտագործում է միայն սահմանները պաշտպանելու համար։ Իր հերթին Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է մեծ ավիակիր նավատորմ՝ համաշխարհային մասշտաբով բազմաթիվ «մարտահրավերների» դիմակայելու համար։ Միևնույն ժամանակ, Մոսկվան քաջ գիտակցում է ԱՄՆ ավիակիրների կողմից սպառնացող վտանգի լրջությունը, ուստի ռուսական զինուժը վստահել է սպառազինության նորագույն տեխնոլոգիաներին՝ թշնամու ցանկացած նավ չեզոքացնելու գործիքներ ձեռք բերելու համար: Այսպիսով, մոտ ապագայում, Ռուսաստանի ռազմածովային ուժերը կստանան «3M22 Zircon» թևավոր հականավային գերձայնային հրթիռներ, որոնք կարող են կայծակնային արագությամբ ջախջախել ամերիկյան նավատորմը զինված առճակատման դեպքում։ Այդ իսկ պատճառով, գրում է փորձագետ Մարկ Էպիսկոպոսը (ԱՄՆ), այս իրողությունն արմատապես փոխում է ուժերի հավասարակշռությունը բաց ծովում։

«National Interest» ամսագիրը նաև նշում է, որ այս ֆոնին ռուս փորձագետներն ավարտում են «Poseidon» ստորջրյա անօդաչու սարքի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է CSG-ի և ափամերձ գոտում խոշոր ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման համար։ Միաժամանակ օվկիանոսային ստորջրյա անօդաչու սարքը կարող է օգտագործվել պոտենցիալ հակառակորդի սուզանավերի հետախուզման և գործողություններին հետևելու համար։

Օրերս արդեն հայտնել էինք, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում AGM-183A գերձայնային հրթիռի հերթական փորձարկումն ավարտվել է անհաջողությամբ, հայտնում է «The War Zone» մասնագիտացված պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։ Փորձարկվող հրթիռը պետք է արձակվեր B-52 ռազմավարական ռմբակոծչից։ Ակնկալվում էր, որ փորձնական զենքը կզարգացնի ձայնի արագությունից հինգ անգամ ավելի արագություն: Այնուամենայնիվ, մեկնարկը այդպես էլ տեղի չի ունեցել: Պորտալի տվյալներով՝ սա AGM-183A հրթիռի երրորդ անհաջող փորձարկումն է։ Նախկինում փորձարկումների ձախողումը տեղի է ունեցել բաժանումից հետո հրթիռային շարժիչի արձակման ձախողման պատճառով։ Այս անգամ կատարվածի պատճառները փորձագետները դեռ չեն պարզել։

Այժմ պարզ է, թե ինչու են «National Interest» ամսագիրը և փորձագետ Մարկ Էպիսկոպոսը ահազանգում՝ փաստացի ընդունվելով, որ ԱՄՆ-ն անպաշտպան է։ Մենք 2018-21 թթ. բազմիցս գրել ենք, որ նույնիսկ ԱՄՆ բանակի գեներալներն են խոստովանել, որ գերձայնային հրթիռների ոլորտում Ամերիկան ​​հետ է մնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Չինաստանից։ Իսկ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Կոլորադոյի համալսարանի օդատիեզերական ինժեներ Յան Բոյդը անգլիական «The Telegraph» թերթում հրապարակված հոդվածում բացահայտ պնդում էր, որ Միացյալ Նահանգները հետ են մնում Ռուսաստանից և Չինաստանից գերձայնային մրցավազքում, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում նրանց պարտությանը… 

Սերգեյ Շաքարյանց