«Իմ քայլը» բոյկոտեց Երևանի ավագանու նիստը․ Հայկ Մարությանը երևանցիների համար ուրախալի լուր ուներ

Երևանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝  քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Իսկ մինչև ընդմիջումը նա ասաց, որ ուզում է երևանցիներին ուրախալի լուր հայտնել:

«Այսօր արդեն հայտարարվել է 280 վերելակի մրցույթ»,- ասաց Մարությանը:

«Փաստացի, 2022 թվականին Երևանում կունենանք լրիվ նոր 1000 վերելակ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածելով՝ տեղեկացնելով, որ այսօրվա նիստին չի մասնակցելու.
«Հարգելի երևանցիներ,
հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»: