Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էր խորհրդի 20 անդամից 18-ը։

Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

Նա ներկայացրել է իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր են ուղղել բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ է ունեցել խորհրդի 7 անդամ, ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ ընտրվեցին բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։

Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն են հայտնել ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։

Նիստի երկորրդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Նա ներկայացրել է բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չառաջադրվեց։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդեց Ժաննա Անդրեասյանին, նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։

Սրբուհի Գևորգյանին հրավիրեցին նիստին և տեղեկացրին խորհրդի որոշման մասին։

Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16  կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։