Ի՞նչ հանդիպումներ է ունեցել Արգիշտի Քյարամյանն Արցախում

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։

ՔԿ նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում են եղել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:

Քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների համագործակցության առաջնահերթություններին և ձևաչափերին վերաբերող հարցեր:

Արգիշտի Քյարամյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, նախանշվել են արդյունավետ փոխգործակցության և գործնական շփումների՝ մի շարք հեռանկարային ուղղություններ: