Ռուսաստանը պաշտոնապես դադարեցնում է իր մասնակցությունը «Բաց երկնքի պայմանագրին»

Ռուսաստանը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին,  պաշտոնապես դուրս կգա «Բաց երկնքի պայմանագրից»։ Մոսկվան համաձայնագրից դուրս գալու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից, իսկ նրա եվրոպացի դաշնակիցները հրաժարվեցին ռուսական կողմին երաշխիքներ տալ, որ ռուսական տարածքի վրայով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոն: Գրում է «ՌԻԱ Նովոստին»

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և դարձել սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը։ Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս անդամ երկրներին բացահայտ տեղեկատվություն հավաքել միմյանց ռազմական ուժերի և գործունեության մասին: Մինչև վերջերս պայմանագրի մասնակից էին 34 պետություններ։

Դեռևս պարզ չէ, թե ինչ է անելու Բելառուսը, որը Ռուսաստանի հետ պայմանագրով մեկ խմբի մաս էր կազմում: Մինսկն ընդգծում է, որ «Բաց երկնքին» Բելառուսի հետագա մասնակցության կամ չմասնակցելու մասին որոշումը մանրակրկիտ կվերլուծվի և կկայացվի Մոսկվայի հետ խորհրդակցելով։ Թե ինչ որոշման է հանգել Բելառուսը, դեռ պաշտոնապես չի հայտարարվել։