ՆԱՏՕ-ն պայմաններ է առաջադրել Ռուսաստանի հետ երկխոսության համար

ՆԱՏՕ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ վստահության միջոցների վրա, եթե Մոսկվան կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե Ռուսաստանը կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու համար, մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ»,- նշել են կազմակերպությունում։

ՆԱՏՕ-ն հավելել է, որ տեղյակ է եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել դաշինքի մտահոգությունները։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, հաշվի առնի ՆԱՏՕ-ի մտահոգությունները Ռուսաստանի մի շարք գործողությունների հետ կապված»,- ասվում է փաստաթղթում։

ՆԱՏՕ-ն նաև ասել է, որ Ռուսաստանը չպետք է միջամտի Ուկրաինայի հետ կազմակերպության հարաբերություններին։ «Մենք հավատարիմ ենք բոլոր երկրների՝ առանց արտաքին միջամտության որոշելու իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը: ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հարաբերությունները վերաբերում են բացառապես Ուկրաինային և դաշինքի երեսուն երկրներին»,- ընդգծվում է փաստաթղթում:

Դաշինքը կրկնել է, որ «Ուկրաինայի վրա ցանկացած հարձակում կունենա լայնածավալ հետևանքներ, և ստիպված կլինեն ծանր գին վճարել»։

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը բանակցություններ են անցկացրել փակ դռների հետևում։ ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է, որ «կարմիր գծերը» ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումն է դեպի արևելք և հարձակողական զինատեսակների տեղակայումն Ուկրաինայում։

Հաջորդ օրը Բայդենը հայտարարեց Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար երկրների հանդիպման նախապատրաստման մասին՝ քննարկելու Մոսկվայի մտահոգությունները դաշինքի ընդլայնման վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը արևելյան թևում: