Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է 11 օր ծիծաղել

Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է ծիծաղել, տարեդարձեր նշել, ողբալ հարազատների մահը և ալկոհոլ խմել՝ պայմանավորված ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան տասներորդ տարելիցի կապակցությամբ հայտարարված 11-օրյա սգով։ Այս մասին Radio Free Asiaին հայտնել են տեղացիները:

Հյուսիսարևելյան սահմանամերձ Սինույջու քաղաքի բնակիչներից մեկը RFA-ին պատմել է, որ իշխանություններն արգելել են քաղաքացիներին 11 օրվա ընթացքում սգից բացի այլ հույզեր արտահայտել:

Աղբյուրը հավելել է, որ այն մարդիկ, որոնց անցած տարի սգո օրերին բռնել են հարբած վիճակում, ձերբակալել են։ «Նրանք դիտվում են որպես գաղափարական հանցագործներ։ Նրանց տարել են և դրանից հետո նրանց այլևս չեն տեսել»,- ասել է նա։

«Նույնիսկ եթե ընտանիքիդ անդամը մահանում է, սգի ժամանակ, քեզ արգելված է բարձր լաց լինել։ Մարդիկ չեն կարող նույնիսկ իրենց ծննդյան տոները նշել, եթե դրանք սգի օրերի հետ համընկնեն»,- գրում է թերթը։

Կիմ Չեն Իրը ստանձնել է ԿԺԴՀ-ի ղեկավարությունը 1994 թվականին հոր՝ Կիմ Իր Սենի մահից հետո։ Նա ղեկավարել է երկիրը մինչև իր մահը՝ 2011թ., երբ նրան հաջորդել է որդին՝ ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Կիմ Չեն Իրի կառավարման շրջանը համընկել է երկրի պատմության ամենադժվար շրջանի հետ։ Այն սովորաբար կոչվում է «Դժվար երթ»՝ 1990-ականներին տնտեսական ճգնաժամի և սարսափելի սովի շրջան։ Տարբեր գնահատականներով՝ ճգնաժամը խլել է մինչև երեք միլիոն կյանք: