Հովհաննես Խաչատրյանն այսօր կդառնար 21 տարեկան

Կապանի երկրագիտական թանգարանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նույն համայնքի Աշոտավան բանավանում ծնված ու մեծացած Հովհաննես Խաչատրյանի լուսանկարը, որը զոհվեց Արցախյան 44-օրյա պատերազմում։ Այսօր Հովհաննեսը կդառնար 21 տարեկան։

«Ճանաչե´նք և հիշե´նք մեր հերոսներին

Հովհաննես Խաչատրյանը  ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Կապանի Աշոտավան բանավանում: Հաճախել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել Կապանի պետական ճարտարագիտական քոլեջում: Երեք տարի սովորելուց հետո զորակոչվել է հայոց բանակ: Ծառայության է անցել Հադրութի առաջին պաշտպանական գնդում: Արմավիրի  ռազմաուսումնական զորամասում գործուղումն ավարտելուց հետո ստացել է սերժանտի կոչրոմ և վերադարձել  կրկին Հադրութ: Կարգվել է դիրքի ավագ:

2020 թվականի սեպտեմբերի 27- ի պատերազմը Հովհաննեսին ևս խլեց մեզանից։

Շրջափակումից դուրս  գալով՝ ջոկատով հասել են Մարտունու շրջան, դիրքավորվել, ապա հետ շպրտել թշնամուն: Հովհաննեսը նշանակվում է դասակի հրամանատարի տեղակալ:
2020 թվականի նոյեմբերի 10-ին դիրքերի հրետակոծման ժամանակ Հովիկը և իր հրամանատարը զոհվում են:

Հովհաննես Խաչատրյանն իրեն այնպես է դրսևորել, որ նրա մասին հարգանքով էին խոսում հրամանատարները, ծառայակիցները:

Արցախի նախագահի հրամանագրով Հովհաննեսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Շնորհավո´ր ծնունդդ սիրելի Հովհաննես,  խոնարհվում ենք հիշատակիդ առաջ: Հիշատակդ միշտ վառ է, հերո՛ս, իսկ սխրանքդ՝ անուրանալի»։