Ուկրաինայի ռուս բնակչության անվտանգությունը ՌԴ ԱԳՆ-ի առաջնահերթությունն է, ափսոս, որ 2020 թ․ ոչ ոք չմտածեց Արցախի ռուս բնակչության մասին…

2021 թվականի դեկտեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմ-24» հեռուստաալիքի եթերում հրապարակային մեղադրել է Արևմուտքին և Ուկրաինային պատերազմի նախապատրաստվելու մեջ՝ հայտարարելով, որ արևմտյան երկրները շարունակում են ռազմականացնել (միլիտարիզացնել) Ուկրաինան՝ այնտեղ ուղարկելով զենքեր և… ահաբեկիչներ տարբեր երկրներից… Զախարովան ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները քաջ գիտակցում են, որ Արևմուտքը ողողում է այս հանրապետությունը հանցագործներով։ «Ուկրաինան լցվում է սպառազինությամբ. խոսքը ուղղակի մատակարարումների մասին է, խոսքը ապագայի պայմանագրերի մասին է, և, ինչպես տեսնում եք, դրանք ընդհանուր առմամբ բազմամիլիոնանոց, միլիարդանոց պայմանագրեր են: Խոսքը նաև հրահանգիչների անվան տակ պարզապես գրոհայինների տեղափոխելու մասին է»,- պարզաբանել է նա։

ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունը հասկանալի է։ Եվ սպառազինությունները, և միջազգային հանցագործներին նեոբանդերական Ուկրաինան ակնհայտորեն մտադիր է օգտագործել ռուս բնակչության դեմ, ինչպես Դոնբասում, այնպես էլ Ղրիմում։ Զախարովայի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան ունի հանրամատչելի բնույթի համապատասխան տվյալներ, ինչպես նաև գաղտնի հետախուզական տվյալներ, և ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ղեկավարության նման տեղեկացվածությունը արտաքին գործերի նախարարությանը թույլ է տալիս նույնիսկ այս փուլում հանդես գալ բացահայտող հայտարարություններով։ Դե, իհարկե, խոսքը Ղրիմի և Դոնբասի ռուս և ռուսալեզու քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի մասին է…

Մինչ Զախարովայի հայտարարությունները, ինչպես հայտնի է, տեսակոնֆերանս է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրանք երկուսն էլ որոշակիորեն շանտաժի են ենթարկել միմյանց՝ Ուկրաինայի թեմայի քննարկման համատեքստում։ Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ 2014 թվականից Վաշինգտոնը ավելի քան 2,5 միլիարդ դոլար է հատկացրել ուկրաինական բանակին աջակցելու համար։ Անցած շաբաթ, ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի, Կիևը պետք է ստանար ԱՄՆ-ից հրաձգային սպառազինություն և զինամթերք․ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված 60 միլիոն դոլարի մատակարարումից վերջին բեռնափոխադրումը: 2022 թվականի ամերիկյան պաշտպանական բյուջեի նախագծում ներառվել է 300 մլն դոլար՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Բացի դրանից, դեկտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը 31 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։

Բայց վերադառնանք Մ. Զախարովայի հայտարարություններին։ Իհարկե, հիմքեր չկան ենթադրելու, որ ՌԴ ԱԳՆ-ը «դատարկ տեղում», առանց ապացույցների, մեղադրում է Ուկրաինային ու Արևմուտքին։ Եվ պարզ է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը «գլխացավանք ունի» Ղրիմում և Դոնբասում ռուսների հասցեին հնարավոր սպառնալիքների պատճառով․ նրանք նույնպես համարվում են հայրենակիցներ, հայրենի արյուն։

Իսկ ահա՝ արցախահայությունը, ըստ երևույթին  2020 թվականին (և նույնիսկ հիմա…) ոչ ոքի պետք չէր և հիմա էլ պետք չէ։ 2020 թվականին և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, նույնիսկ պատերազմը սկսվելուց առաջ, հիանալի գիտեին, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչներին տեղափոխում է հակամարտության գոտի։ Հայտարարություններ են հնչել, «մտահոգություն» արտահայտվել, և այսպես շարունակ՝ իբր Արևմուտքն ու Ռուսաստանը, իսկ Արևմուտքից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը, այն է՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մի քանի անգամ հաստատել են, որ Թուրքիան հարևան «կովկասի թաթարստանը» «լցնում է» Մերձավոր Արևելքից հավաքած ահաբեկիչներով։ Իսկ ո՞րն է ամենազարմանալին։ ՌԴ ԱԳՆ-ը քաջատեղյակ է, որ մեր Արցախի Հանրապետությունում եղել է և կա ռուսական համայնք, որ պատերազմի դեպքում արցախցի ռուսները կրելու են նույն ծանր փորձությունները և կորուստները, ինչ արցախահայությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ը, ըստ ամենայնի, 2020 թվականին ոչ մի վայրկյան չի մտածել արցախցի ռուսների կյանքի իրավունքի և անվտանգության մասին, ուստի՝ էլ ինչի պետք է «հոգալ» արցախցի հայերի և հույների մասին…

Իհարկե, մեզ համար ավելի հեշտ ու ուրախալի չի լինի, եթե նեոբանեդերական Ուկրաինան ցեղասպանության ենթարկի Ղրիմի և Դոնբասի ռուս և ռուսախոս բնակիչներին։ Իսկ ֆաշիստները՝ անկախ ամեն ինչից՝ թուրք, թե նեոբանդերական, միայն ցեղասպանություն կատարել գիտեն։ Այդուհանդերձ, գիտակցությանը չի ենթարկվում. Արևմուտքն իր անգործությամբ Արցախում փաստացի պատերազմ է հրահրել,  հենց այն պատճառով, որ ահաբեկիչներին հակամարտության գոտի բերել էր Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամը։

Արևմուտքը բացահայտ զինում է Ուկրաինային և ահաբեկիչներին տեղակայում Ուկրաինայում։ Թուրքիան մասնակցում է Ուկրաինայի սպառազինմանը։ Ռուսաստանը նույնպես անգործություն է ցուցաբերել Արցախի դեպքում. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների ներմուծումը գործողություն չի համարվում։ Ռուսաստանը, ինչպես և Արևմուտքը, անգործություն է ցուցաբերել Մերձավոր Արևելքի ահաբեկիչների նկատմամբ։ Եվ մենք հիմք ունենք պնդելու, որ դա պայմանավորված է միայն նրանով, որ հանցագործներին Արցախ է բերել Թուրքիան, թեև Թուրքիան միանշանակ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ թե ՀԱՊԿ դաշինքի։ Սակայն այժմ, Ուկրաինայի պարագայում և Ղրիմում, և Դոնբասում ռուսներին ցեղասպանության ենթարկելու նեոբանդերականների մտադրությունների պարագայում, Ռուսաստանն ավելի ու ավելի է ակտիվանում։ Թեև մեկ տարի առաջ նա լռում էր կյանքի իրավունքի և Արցախում ռուսների անվտանգության մասին։ Մի՞թե դա միայն այն պատճառով է, որ Ուկրաինայում միլիոնավոր ռուսներ կան, իսկ Արցախում, եթե առաջնորդվենք ԼՂՀ 2015 թվականի մարդահամարով, ընդամենը՝ 238… Մի խոսքով, Արցախի 238 ռուսներին Մոսկվայում չեն խղճացել… 

Սերգեյ Շաքարյանց