ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին թույլ կտա ներսից տեսնել՝ ինչպես է կազմակերպությունն աշխատում. ՌԴ փոխվարչապետ

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին թույլ կտա մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, հասանելիություն ստանալ փաստաթղթերին, տեսնել՝ ինչպես է կազմակերպությունն աշխատում ներսից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրագրողների հետ զրույցում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործիչը մասնակցել է Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովին, որը նվիրված է եղել ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:

Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ Ասիայի և Եվրոպայի շուկաները միավորելու հարցում: «Մենք կարող ենք աշխատել միասին և հասնել հաջողության: Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 4.5 մլրդ դոլարի, իսկ Ադրբեջանի ներդրումները՝ Ռուսաստանում՝ 1.5 մլրդ դոլարի: Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Ադրբեջանում աշխատանքով, կա լավ հեռանկար երկաթուղիների ստեղծման և զարգացման համար: Այստեղ ողջ ԵԱՏՄ տարածաշրջանը կարող է շահել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: