ՀՀ քաղաքացիներն այս բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համոզված է, որ ՀՀ քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ։ Այս մասին նա հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից ավելի շատ է։ Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ»,–ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ իրենք նույնպես շատ անհանգստացած են գնաճի մակարդակով։

«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների մասով (շաքարավազ, միս) ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, ինչը հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունենան»,-ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` իրենք աշխատանքներ են տանում Կենտրոնական բանկի և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի իրենց ունեցած գործիքներն օգտագործելով՝ զսպեն գնաճը «հատ–հատ առանձին ապրանքային խմբերում»։