ԲՀԿ-ն ևս միացել է Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությանն են միացել նաև ԲՀԿ ավագանու անդամները։ Այս տեղեկությունը հաստատեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

«Մեր օրակարգում մի քանի տարի եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու հարցը։ «Իմ քայլը» օրակարգ է առաջարկել, որը համընկնում է մեր օրակարգի հետ»,- ասաց Միքայել Մանրիկյանը։

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն իր կողմից թեկնածու առաջադրելո՞ւ է, Մանրիկյանն ասաց. «Եկեք առաջ չընկնենք։ Մեծամասնությունն իրենք են, բնականաբար եթե մենք էլ առաջադրենք, միևնույն է, իրենցը կհաղթի»։

Նա նշեց նաև, որ քվեարկությանը մասնակցելու են և կողմ են քվեարկելու Մարությանին անվստահություն հայտնելուն։