Մամիկոն Ասլանյանի պաշտպանները հայտարարություն են տարածել

Փաստաբան Լուսինե Սահակյանը գրում է․

«2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։

Այսօր, սակայն, ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգել է։

Տարօրինակ զուգադիպությամբ, կրկին այսօր, ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը։ ՀՀ Քննչական կոմիտեում Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։

Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։

 

Մամիկոն Ասլանյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան

Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացեք»»։