Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագործարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև կայացել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում Միշելը Ալիևին և Փաշինյանին կարճ ժամանակով միայնակ է թողել՝ դեմ առ դեմ զրուցելու: