Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար. Չավուշօղլու

Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան և Հայաստանը ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար։

Ինչպես հայտնում է Haberler.com-ը, Չավուշօղլուն այս թեմայի վերաբերյալ արել է հետևյալ մեկնաբանությունը.

«Կովկասում եղբայրական Ադրբեջանի հետ մենք ինտենսիվ դիվանագիտություն ենք վարում տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում կառուցելու համար։ Ես ուզում եմ ձեզ հայտնել 2 նորություն. Շուտով (խորհրդակցել ենք նաև Ադրբեջանի հետ) մենք կնշանակենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք Ադրբեջանի հետ միասին գործելու ենք յուրաքանչյուր փուլում. Բացի այդ, մոտ ապագայում մենք սկսելու ենք չարտերային թռիչքներ Երևանից Ստամբուլ»։