Հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները. Հայկ Մարությանի խոսնակը՝ ՀԺ-ի հոդվածի մասին

Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հոդվածին, թե Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, ինչպես նաև՝ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի և գործունեության վերաբերյալ վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ բամբասանքներ և ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են հրապարակվել։ Սա դրանցից հերթականն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նշենք՝ «Հայկական ժամանակը» գրել է, թե Հայկ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Ըստ «Հայկական ժամանակի»՝  տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: