ԱԺ նախագահի հայտարարությունը վնասում է մեր երկրի պաշտպանունակությունը․ Արծվիկ Մինասյան

Զարմանալի է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը ոմանց կողմից ցավագին է ընկալվել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 13-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը համոզված է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք վտանգ են պարունակում Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ «Նա հայտարարություններ է անում գերիների վերաբերյալ, որոնց առջև պետությունը որոշակի պարտավորություններ ունի։ Ամենից առաջ նա պարտավոր է գերիներին վերադարձնել հայրենիք։ Այնինչ,  խորհրդարանի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, որը ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք է առաջացնում, այլև վնաս է հասցնում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անգամ չի բացառվում, որ դա կազմակերպված էր երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից»,- պարզաբանեց Մինասյանը։

Ընդդիմադրի խոսքով՝ վերջին քաշկռտուքը ԱԺ-ում ցայտուն ցույց տվեց, որ օրենսդիր մարմնի ղեկավարը չի հետևում և կարևոր չի համարում սահմանված կարգին հետևելը։ «Նա կարևոր չի համարում ճիշտ քաղաքական կուլտուրա պահելը։ Ավելին, նա ինքն էլ չի փայլում խորհրդարանականների համար սահմանված պատշաճ վարքով»,- նկատեց պատգամավորը։

Հարցին՝ ԱԺ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ բերելը քննարկե՞լ են ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՞վ է  լինելու Ալեն Սիմոնյանի հավանական հրաժարականից հետո ԱԺ նախագահի իրենց թեկնածուն, Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ այս առաջարկը կրում է իրավաքաղաքական գնահատականի բնույթ, սրանով իրենց խմբակցությունը և «Հայաստան» դաշինքն առհասարակ ցուցաբերում են վերաբերմունք  ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի նկատմամբ, ով նշված հիմնավորումների ներքո պարզապես չի կարող իրենց պատկերացրած չափանիշներին համապատասխան իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները:
«Երկրորդ, ինչպես ցանկացած կարևորագույն հարց, քննարկման առարկա է դառնում դաշինքում: Մեր բոլոր քննարկումներում, այդ թվում նաև երկրորդ նախագահի մասնակցությամբ որպես  ընդլայնված կազմով քննարկում, տիրում է ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները»,- ասաց նա:
Իսկ ԱԺ նախագահի թեկնածուն, ըստ Ա. Մինասյանի, կընտրեն ընդդիմադիր խմբակցությունների միջից:
«Այս հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ միասին, որպեսզի միասնական տեսակետը պահենք:
Բայց կրկնում եմ, որ սա իրավաքաղաքական գնահատական է՝ քաջ հասկանալով հանդերձ, որ, ի վերջո, հնարավոր է՝ այս որոշման նախագիծը չընդունվի, քանի որ գործ ունենք մի մեծամասնության հետ, որը մի հրահանգով քվեարկություն է իրականացնում առանց խորանալու խնդիրների մեջ»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: