Իրանը Արևմուտքից պահանջում է կատարել նախապայմանները

Արդեն հայտնել ենք, որ Իրանը զգալիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը Վիեննայում Արևմուտքի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններում։ Եվ ահա, մի ​​շարք լրատվամիջոցներում տարածվել են հաղորդումներ, որ Թեհրանն այժմ Արևմուտքին է ներկայացրել երկու նախագիծ, որոնք վերաբերում են Իրանի ղեկավարության կողմից առաջ քաշած նախնական պայմաններին։ Իրազեկ աղբյուրները «Al-Mayadin» թերթին (Լիբանան) հայտնել են, որ իրանական պատվիրակությունը Վիեննայի բանակցություններում նույնիսկ հինգ պայման է դրել։ Իրանական պատվիրակությունը՝ քաղաքական հարցերով փոխարտգործնախարար և միջուկային հարցերով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, պնդում է, որ առանց այս պայմանների կատարման իմաստ չունի շարունակել բանակցություններն ։

Աղբյուրները նշում են, որ Վիեննայի բանակցություններում Իրանի առաջին պահանջը JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) հետ կապված բոլոր պատժամիջոցների վերացումն է, ինչպես նաև «այլ անուններով» պատժամիջոցների վերացումը։ Այստեղ, ըստ երևույթին, խոսքը «կողմնակի» սահմանափակումների մասին է, որոնք ներդրվել են ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան, օրինակ՝ քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների պահեստամասերի՝ Իրանին մատակարարելու արգելքը, այս կամ այն բաղադրիչների մատակարարման արգելքը, որոնք անհրաժեշտ են դեղերի արտադրության համար և այլն։ Վիեննայի բանակցություններում իրանական պատվիրակության մյուս նախապայմաններից են պատժամիջոցների չեղարկումը արժանահավատորեն ստուգելու հնարավորությունը և երաշխիքների տրամադրումը: Մասնավորապես, երաշխիքները, որ ԱՄՆ-ը այլևս երբեք միակողմանիորեն չի խափանի «միջուկային գործարքը»։ Նույն իրազեկ աղբյուրները, անանունության պայմանով, «Ալ Մայադին» թերթին հայտնել են, որ Թեհրանը նաև նախատեսում է փոխհատուցում Իրանին հասցված վնասի համար և բոլոր կողմերի վերադարձը միջուկային համաձայնագրի պայմաններին: Տեղեկատվության համաձայն, Իրանը հայտարարել է, որ միջուկային բանակցությունները արագ ավարտին հասցնելը քիչ հավանական է և Բրիտանիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները անվանել է «անընդունելի և վախեցնող ուղերձ»: Բացատրենք. Լոնդոնը ստանձնել է  ԱՄՆ-ի և… Իսրայելի այն պահանջների «դատապաշտպանությունը», որոնց համաձայն, իբր Իրանն է, որ պետք է «զիջումների գնա» և համաձայնի Վաշինգտոնի բոլոր նախնական պահանջներին։ «Մենք երկու նախագիծ ենք ներկայացրել JCPOA-ի մյուս կողմերին, և այդ նախագծերը կարող են համաձայնեցվել ու փոփոխվել, և իրանական պատվիրակությունը սպասում է եվրոպական դիրքորոշմանը»,- հավելել են «Ալ Մայադին» թերթի աղբյուրները:

Այլ աղբյուրները հաղորդում են, որ, ամենայն հավանականությամբ, Չինաստանն ու Ռուսաստանը ամուր կկանգնեն Իրանի կողքին և կաջակցեն Թեհրանի պահանջներին։ Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը միջուկային բանակցությունների նոր փուլի ընթացքում կհամաձայնեցնեն Իրանի առաջարկների վերաբերյալ ընդհանուր դրույթները։ Իրանական «Ֆարս նյուզ» գործակալությանը տեղեկություն փոխանցած աղբյուրի խոսքերով՝ բոլոր գնահատականները ցույց են տալիս, որ Չինաստանն ու Ռուսաստանը համաձայն են Իրանի առաջարկած փաստաթղթերի ընդհանուր փաթեթին։ Համապատասխանաբար, Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող և փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին դեկտեմբերի 7-ին մեկնել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ՝ միջուկային բանակցությունների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով։ Դեկտեմբերի 8-ին Բաղերի Քանին նաև հեռախոսազրույց է ունեցել իր չինացի գործընկերոջ հետ՝ քննարկելով Վիեննայի JCPOA բանակցությունները։ Ավելին, դեկտեմբերի 8-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հաստատել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերը ՌԴ, նշելով, որ նախագահ Ռաիսին Մոսկվա կայցելի 2022 թվականի սկզբին։

Ի դեպ, նշենք, որ Միցոտակիսի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահը Կիպրոսի հիմնախնդրի հարցում լիովին աջակցել է Հունաստանին ու Կիպրոսին։ Որպեսզի մեզ չմեղադրեն ստելու կամ ցանկալի մտքեր որպես իրականություն ներկայացնելու մեջ, մեջբերենք Հունաստանի վարչապետին. «Կիպրոսի խնդրի հետ կապված ես իմ երախտագիտությունն եմ հայտնել Ռուսաստանի հետևողական և կառուցողական դիրքորոշման համար։ Այստեղ խոսքը Հունաստանի համար չափազանց կարևոր ազգային առաջնահերթություն ունեցող հարցի մասին է։ Ես հաստատել եմ մեր հավատարմությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում կենսունակ լուծման հասնելու նպատակին, և նման լուծման հնարավոր չէ հասնել առանց երաշխիքների անախրոնիստական ​​համակարգի վերացման, առանց թուրքական օկուպացիոն ուժերի դուրսբերման։ Միևնույն ժամանակ, կղզում պետք է պահպանվի երկգոտիական, երկհամայնքային համակարգ, և ցանկացած հարց պետք է լուծվի փոխադարձության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»։

Իրանի նախապայմանները, ինչպես նաև տեղեկությունը, թե Չինաստանը և ՌԴ պատրաստ են միանշանակ աջակցել պաշտոնական Թեհրանին՝ Վիեննայի բանակցություններում, հաստատում են մեր պնդումը, որ 2020 թ․ պատերազմն Արցախում և այն ամենը, ինչ տեղի է ունեցել և կատարվում է այս պատերազմից հետո, Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի և մի շարք եվրոպական երկրների հակաիրանական ամբողջական ծրագրի մի մասն է։ Այդ թվում՝ Էրդողանի ու Ալիևի անպատիժ շաղակրատանքները «միջանցքների» մասին։ Այս տողերի հեղինակը ոչ միայն կոչ է անում, այլև պահանջում է Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից շտապ «հարվածել» Թուրքիային և «կովկասի թաթարստանին»՝ հակաիրանական այս ծրագրի բոլոր տարրերը խաթարելու համար։ Ի վերջո, Պեկինը և Մոսկվան շատ հարցերում կախված են Իրանից, հատկապես՝ Չինաստանը, քանի որ Պեկինի աճող տնտեսական և ռազմական հզորության զգալի մասը ուղղակիորեն կախված է Իրանից և Իրանի էներգետիկ ռեսուրսներից։

Սերգեյ Շաքարյանց