Սահմանային լոկալ բախումներ, ռազմագերիների վերադարձի հարց, Սոչիի պայմանավորվածություններ․ «Հենակետն» ամփոփում է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփում է շաբաթը․  Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանային հատվածի տարբեր ուղղություններում լարվածությունը, լոկալ բախումները շարունակվել են։ Թշնամու ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում գրեթե ամենօրյա ռեժիմով, տարբեր ժամերի, ծավալվել են մարտական գործողություններ, փոխհրաձգությունների արդյունքում և հայկական, և ադրբեջանական կողմերը ունեցել են կորուստներ, բազմաթիվ վիրավորներ։

Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Նույն օրը, ուշ երեկոյան, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։

Նշենք, որ այդ հրահրված սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի ՊՆ-ին, հայտնում են, որ մահացած զինծառայողը Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն է, որը մահացու վիրավորում է ստացել ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Քարվաճառի տարածքում։

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Հայկական կողմն ունեցել է հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

Հաջորդ օրը ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Թշնամու ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Շաբաթվա ընթացքում զինված ուժերում նաև անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճ է գրանցվել, ինչը ևս խիստ մտահոգիչ է։

Մասնավորապես, մի քանի օրվա ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, համածառայակիցների կողմից արձակած կրակոցներից գրացվել են մահվան, ծայրահեղ ծանր վիրավորման, թեթև վիրավորումների դեպքեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հարցազրույցում անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին, նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց լարվածությունը մնում է։ Ըստ նրա՝ կան մի շարք հարցեր, որոնք նպաստում են այդ լարվածությանը, այն է՝ չճշտված սահմաններ, եռակողմ հայտարարության ոչ ամբողջական կատարում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողով ստեղծելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերը շարունակվում են:

Զախարովան նաև նշել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման վերաբերյալ հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին՝ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում, դեկտեմբերի 7-ին, սոցիալական ցանցերում ու լրատվական կայքերում ամենաքննարկվող թեման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում տարածված սկանդալային տեսանյութն էր, որի մեջ Սիմոնյանը մեղադրում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին՝ զենքը վայր դնելու և թշնամուն հանձնվելու մեջ: «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»,-ձայնագրության մեջ ասում է Սիմոնյանը:

Խոսնակի այդ ձայնագրությունը վրդովեցրել է զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին, ովքեր նույն օրը բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք փակել են հրապարակին հարող փողոցներն ու բողոքի ակցիա են իրականացրել՝ Սիմոնյանից պարզաբանումներ պահանջելով։

Ակցիաները շարունակվել են նաև հաջորդ օրը, ակցիայի մասնակիցները փակել են նաև Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել քաղաքացիներին։ Նույն օրը, ուշ երեկոյան, Սիմոնյանը ընդունել է գերիների և անհետ կորած զինծառայողների 10 հարազատներին։ Ըստ հարազատների՝ Սիմոնյանը ներողություն է խնդրել, այլ բովանդակային տեղեկություններ ու մանրամասներ այդ հանդիպումից հայտնի չեն։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութի առնչությամբ, հորդորելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց։ Ըստ նրանց՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:

Փորձագիտական շրջանակները ևս քննադատել են իշխանությունների վարքագիծը, նշելով, որ նման հայտարարություններով ու քայլերով փորձ է կատարվում ռազմագերիների, գերիների հարցը հասարակական ու քաղաքական օրակարգից հանել՝ նրանց վարկաբեկելու միջոցով։ Ըստ նրանց՝ անկախ գերեվարման հանգամանքներից, բոլոր ժամանակներում էլ գերությունից վերադարձած անձինք համապատասխան ընթացակարգերով անցնում են, բայց իշխանությունների կողմից նախօրոք նմանատիպ վարքագիծ դրսևորելն անթույլատրելի են համարել։

ՀՀ Քննչական կոմիտեից էլ տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ըստ կոմիտեի՝ զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի, որոնց ՌԴ ՊՆ ինքնաթիռով Երևան էր տեղափոխել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մուրադովը:

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Մուրադովի կարծիքով, հայ ռազմագերիների վերադարձի հարցը «պետք է փակվի»։

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կա լավ պոզիտիվ, կա ըմբռնում։ Իմ կարծիքով, այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները այս գործը ավարտին կհասցնեն»,- ասել է Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը խաղաղապահի քաղաքացիական պարտքն է։