Հիմքեր կան ենթադրելու, որ Բայդենն ու Պուտինը քննարկել են Անդրկովկասի թեման…

Դեկտեմբերի 7-ին կայացած ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների տեսակոնֆերանսը, ըստ ամենայնի, դեռ երկար ժամանակ կլինի համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են խոսել Պուտինն ու Բայդենը. բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։ Երկու առաջնորդների առցանց գագաթնաժողովը տևել է ավելի քան 2 ժամ։ Իհարկե, շոշափել են բազմաթիվ թեմաներ, խոսել տարածաշրջանների, երկրների մասին։ ՌԴ և ԱՄՆ նախագահներն առաջին անգամ էին օգտագործում հաղորդակցության այս ձևաչափը (տեսակոնֆերանս): Ընդհանուր առմամբ, երկու առաջնորդների վերջին խոսակցությունը հինգերորդն է Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ավելի վաղ երկու պետությունների ղեկավարները երեք անգամ հեռախոսով էին զրուցել, իսկ հունիսի 16-ին Ժնևում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Այդ առանձնազրույցը տևեց գրեթե երկու ժամ և, ըստ երկու կողմերի, կառուցողական էր… Բայց, եթե խիստ օբյեկտիվ լինենք, ապա պարզ չէ, թե որն էր Վաշինգտոնի և Մոսկվայի «կոնստրուկտիվիզմը» իրականում. 2021 թվականի հունիսի 16-ից հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռևս անվստահ են վերաբերվում միմյանց և քննադատում են իրենց քաղաքական գծերը այս կամ այն ​​հարցում։ Դա զգացվում է նույնիսկ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, էլ չենք խոսում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին…

Եթե ​​համեմատենք Կրեմլի և Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունները, ապա շատերը կարող են տպավորություն ստանալ, թե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը՝ ամեն մեկը լսում են միայն իրենց, ոչ թե դիմացինին, նրանք չեն կարողանում լսել, թե մնացած աշխարհն ինչ է ասում (կամ մտածում…) իրենց մասին: Այսպիսով, Վաշինգտոնը պնդում է, որ հիմնական հարցը, իբր, եղել է այն, որ Բայդենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ուժերի կուտակման» վերաբերյալ։ Ինչպես նաև, իբր հստակ հասկացրեց, թե՝ «Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով ռազմական էսկալացիայի դեպքում»: Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ երկրների ղեկավարները, հետևելով բանակցություններին, իրենց թիմերին հանձնարարել են «շարունակել երկխոսությունը Ուկրաինայի իրավիճակի շուրջ»։ Բացի այդ, առաջնորդները քննարկել են «ռազմավարական կայունության, կիբերհանցագործության դեմ պայքարի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցերը»։

Կրեմլը խոսում է այլ «հարցերի» մասին՝ օրինակ, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային «ներքաշում է» հակառուսական ռազմական նախապատրաստության մեջ։ Եվ որ «Բայդենը, ի պատասխան ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժման վերաբերյալ Ռուսաստանի անհանգստության, Պուտինին ասել է, որ կքննարկի այդ թեման իր դաշինքի գործընկերների հետ»։ «Պուտինն ասաց. դուք՝ ամերիկացիներդ, անհանգստացած եք Ռուսաստանի տարածքում գտնվող մեր գումարտակներով՝ ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու: Իսկ մենք իսկապես անհանգստացած ենք Ռուսաստանի անվտանգությամբ՝ գլոբալ առումով, գլոբալ մասշտաբով։ Մոտավորապես այսպես է մեկնաբանել Պուտինը զրույցի վերջում` ամփոփելով այս հարցի շուրջ մտքերի փոխանակումը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Եվ ռուսական զորքերը «հետ չեն քաշվի Ուկրաինայի սահմաններից». «Այդ որտե՞ղ պետք է հանենք մեր զորքերը, նրանք Ռուսաստանի տարածքում են»: Այսինքն՝ Կրեմլն ակնհայտորեն չի ստում, երբ պնդում է, որ Պուտինը ստիպել է Բայդենին «զսպել կրակը» և ընդունել, որ Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է վստահելի երաշխիքներ ձեռք բերելու մեջ՝ բացառելով ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ պատասխանատվությունը չպետք է գցվի Ռուսաստանի ուսերին, քանի որ ՆԱՏՕ-ն է, որ վտանգավոր փորձեր է անում գրավել ուկրաինական տարածքը և զարգացնում ու ավելացնում է իր ռազմական ներուժը մեր սահմանների մոտ: Հետևաբար, Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է հուսալի, օրինականորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու մեջ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ և հարձակողական սպառազինությունների համակարգերի տեղակայումը Ռուսաստանի հարակից պետություններում»:

Այո, դա ճիշտ է. ԱՄՆ-ին հարող երկրներում իրականում չկա Ռուսաստանի հարձակողական սպառազինության համակարգերի տեղակայման նախադեպ, որոնք իրատեսորեն և շոշափելիորեն սպառնալիք կստեղծեն Միացյալ Նահանգների անվտանգության համար: Ոչ Մեքսիկայում, ոչ Կանադայում, ոչ էլ նույնիսկ Կուբայում: Իսկ արդեն հայտնի է, որ Բայդենը Պուտինի հետ տեսակոնֆերանսից հետո հեռախոսազրույցներ է ունեցել Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Բայց այսպես թե այնպես, «թավշյա հեղափոխականների գլխավոր խնամակալը», ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը դեկտեմբերի 7-ին հայտարարեց Վաշինգտոնի անհանգստության մեկ այլ պատճառի մասին՝ և դա ոչ Ուկրաինայի հետ կապված։ Պարզվում է, որ Վաշինգտոնն անհանգստացած է, որ Մոսկվան, իբր, կարող է ձգտել վերստեղծել ԽՍՀՄ-ը։ «Մտահոգությունն այն է, որ Պուտինը, որպես իր ժառանգության նախագիծ, իրականում ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը: Հետևաբար, ես կարծում եմ, որ միասնությունն այստեղ՝ ԱՄՆ-ում, միասնությունը Ուկրաինայում, միասնությունը ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, ինչպես նաև այն էական հետևանքները, որոնց մասին մենք խոսում ենք, այնքան կարևոր են և ցույց են տալիս, որ մենք բացարձակապես պատրաստ ենք»,- ասել է Նուլանդը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Տիպիկ տավտոլոգիա՝ կրկնաբանություն, հիմնավորումների ու ապացույցների բացակայության դեպքում տխրահռչակ անգլո-սաքսոնական «highly likely»-ն է, ահա թե ինչ է իրենից ներկայացնում «հեղափոխական» Նուլանդի մեկնաբանությունը։

Մեզ հետաքրքրում է նաև այն փաստը, որ հենց դեկտեմբերի 7-ին համաշխարհային տերությունները դիմեցին Հայաստանին և «կովկասի-թաթարստանին»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 7-ի երեկոյան հրապարակված համատեղ հայտարարության մեջ (Բայդենի և Պուտինի միջև տեսակոնֆերանսից հետո…) աջակցություն են հայտնել Երևանի և Բաքվի միջև՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջազգային միջնորդների հովանու ներքո ուղիղ երկխոսության վերսկսմանը, և կոչ են արել զերծ մնալ բորբոքային հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից։ Այս համատեղ հայտարարությունն անուղղակիորեն ապացուցում է, որ Բայդենն ու Պուտինը իրենց տեսակոնֆերանսի ժամանակ բարձրացրել են Անդրկովկասի հարցը։ Մանրամասները, սակայն, քողարկված են գաղտնիության վարագույրի տակ։

Սերգեյ Շաքարյանց