Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը․ ՈՒՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընթանում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատավոր Միսակյանն արտահերթ դատական նիստ է նշանակել։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել էին ՍԴ  «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու համար։ Դիմումատու Արամ Վարդևանյանը բազմիցս հայտարարել էր, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք պետք է կալանքից ազատ արձակվեին պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելու շնորհիվ։

Սահմանադրական դատարանը երեկ հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։

Արմեն Չարչյանը կալանավորված է օգոստոսի 23-ից։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Նա օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

NEWS.am-ի ուղիղ հեռարձակումը