Մակրոնը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ իր բանակցությունների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ծրագրում է Դոնբասի հարցով զրուցել ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր ցանկությունն է կապ հաստատելով նախագահ Զելենսկու հետ, ում ես կտեսնեմ չորեքշաբթի, և նախագահ Պուտինի հետ, ում հետ բանակցություններ կվարեմ հաջորդ շաբաթ, վերսկսել այս ձևաչափը (նորմանդական ձևաչափը) և քաղաքական գործընթացը», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը առաջին հերթին ձգտում են «աջակցել Ուկրաինային նրա անվտանգության ապահովման հարցում», ապա ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները տարածաշրջանում խաղաղ կարգավորման համար։

Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը միակարծիք են Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում։ «Դա թույլ կտա կառուցել նոր լուծում և գործընթաց, որը կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը, կարգուկանոնի վերականգնումը տարածաշրջանում և ողջ աշխարհամասի կայունությունը», -նշել է է Մակրոնը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևը չի ցանկանում իր կամքով հավատարիմ մնալ Մինսկի պայմանավորվածություններին, ուստի պետք է նրան «ստիպել» կատարել, ինչի համար ստեղծվել է նորմանդական ձևաչափը։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան և Գերմանիան, ըստ նրա, «դեռևս խուսափում են իրենց պարտավորությունների կատարումից»։