Վարդենիսի բնակիչները Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը բացել են

Վարդենիսի բնակիչները երեկ՝ կեսգիշերին, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը բացել են՝ սահմանային իրավիճակի լարվածությունը հաշվի առնելով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Վարդենիսի բնակիչներն ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը և իրենց պահանջներն էին ներկայացնում։

Նշենք, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սևանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։

«Մենք հայտարարեցինք, որ բացում ենք ճանապարհն այն պայմանով, որ ազատ արձակեն մեր թեկնածուին։ Հաշվի առնելով, որ սահմանային իրավիճակը լարվել էր, ունեինք վիրավորներ, որպեսզի որևէ պրոցեսի չխոչընդոտեինք, որոշեցինք ճանապարհը բացել։ Բայց նորից կվերսկսվեն, եթե Արամ Հարությունյանին ազատ չարձակեն»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ որևէ պաշտոնատար անձի կողմից որևէ արձագանք չի եղել. «Տարածքում եղել են միայն ոստիկանության ներկայացուցիչները»։

Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16,51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37,76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46,11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձևավորել:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում էր ստացել երկու զինծառայող։