Հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է․ ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն․ Մուրադով

Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայում շարունակվում են գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: Ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։

«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում: Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը: