Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից. Մինչև զոհվելը Մարտիրոսյանը հասցրել է 15 կրակոց արձակել

Դեկտեմբերի 5-ին ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել՝ հակառակորդի արձակած կրակոցից։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Դեկտեմբերի 5-ին ՊԲ-ն, տարածելով համապատասխան հաղորդագրությունը, նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություն, սակայն այս փուլում ևս վարույթն իրականացնող մարմինն արդեն հաստատված է համարում, որ Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, ադրբեջանական դիրքերը հեռվում են եղել։ Տարածքում Գոռը և ընկերը շարժ են նկատել և, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, ինչի հետևանքով Մարտիրոսյանը գլխի հատվածում հրազենային վիրավորում է ստացել։ ՔԿ-ից հայտնեցին, որ Մարտիրոսյանն իր մոտ գտնվող ինքնաձիգից 15 կրակոց է արձակել։ Հակառակորդի կողմից զոհեր չեն եղել, իսկ թե ինչ հեռավորությունից է արձակվել կրակոցը՝ վարույթն իրականացնող մարմնին դեռևս հայտնի չէ։