Դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստ կլինի, Հայաստանը կմասնակցի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց․ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը որոշել է տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ․ «Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել»։