Այս հանգամանքը պետք է միայն նոր խթան հանդիսանա՝ օր առաջ մեր երկրի ներսում ռազմավարական ենթակառուցվածքները նախապատրաստելու առումով

Իրանական «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագիծը, առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, արդեն հաջորդ տարի կարող է իրականություն դառնալ։

Ըստ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթիի՝ Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային երթուղու գործարկման հարցում: Ծրագրի նախագիծն արդեն իսկ տրամադրվել է կողմերին։ Ենթադրվում է, որ մինչև 2022թ. գարուն կիրականացվի երթուղու փորձարկումը։

Այսինքն, արդեն իսկ կարելի է փաստել, որ իրանական «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ իրականություն կդառանա։

Շուրջ 8 տարի քննարկվող այս նախագծի համատեքստում, բնական է, որ աշխարհը չէր սպասելու, թե երբ Հայաստանը վերջապես իր տարածքում կկառուցի «Հյուսիս-Հարավ» մայրուղին, կբարեկարգի առանցքային ճանապարհները։ Բայց այս հանգամանքը պետք է միայն նոր խթան հանդիսանա՝ օր առաջ մեր երկրի ներսում ռազմավարական ենթակառուցվածքները նախապատրաստելու առումով։

Քանի որ առնվազն և՛ Իրանը, և՛ Վրաստանը միևնույն ռազմավարական մարտահրավերին են բախվել՝ ահռելի ծավալով և համակողմանի կախվածությունը թյուրքական գործոնից։

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից