Նրանք ուզում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար. Արծվիկ Մինասյան

Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ, սուտ հրապարակային հայտարարություններով փորձում է նորից շեղել հանրության ուշադրությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ, իրեն ԱԺ բերողներն են մեղավոր։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե քրեական գործերով անցնող Գերասիմ Վարդանյանի խորհրդարան բերողներն են մեղավոր։

«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Այսօր առավոտյան Սեյրան Օհանյանը մեր խմբակցության գնահատականը հնչեցրեց և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, ովքեր իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել են շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու, մեր պետական կարևոր ինստիտուտը ոչնչացնելուն ուղղված գործողություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը չհերքեց, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան այնպես, ինչպես «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ. «Գերասիմ Վարդանյանը որևէ ձևով որպես մեղադրյալ չի անցնում ԱԺ նախագահի սպանության փորձ կազմակերպելու քրեական գործով։ Սա հիմարության գագաթնակետն է և այս անձնավորությունը չի էլ հասկանում, թե ինչի մասին է խոսում:

Ակնհայտ է, որ հերթական սարքված շոուն է ընդդեմ այն ակտիվ քաղաքացիների,ա յդ թվում Գերասիմ Վարդանյանի, որոնք իրենց հայրենիքի պաշտպանության դիրքերում են: Որևէ ձևով որևէ կապ Գերասիմ Վարդանյանի և այդ երևույթի միջև չկա: Նրանք ուզում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ Գերասիմ Վարդանյանը նաև պատգամավորի թեկնածու է:

Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ, դատախազության և մեր իրավապահ համակարգի խայտառակությունն էր։

«Ակնհայտ ոտնատակ տրվեց Սահմանադրությունը և օրենքը։ Իրավական պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու և այս մարդիկ ինչքան էլ փորձեն շեղել հանրության ուշադրությունը, ինչքան էլ փորձեն ԱԺ-ն որպես ներկայացուցչական մարմին ոչնչացնել, մենք դա թույլ չենք տալու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։