ԱՄՆ իշխանությունները վախենում են, թե Պուտինը կվերականգնի ԽՍՀՄ-ը

ԱՄՆ-ին անհանգստացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԽՍՀՄ-ը վերստեղծելու ենթադրյալ «ցանկությունը»։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոսել է ՌԴ ղեկավարի նման «պլանների» հնարավորության մասին։ Գրում է tvzvezda.ruն:

Նրա խոսքով, ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն իբր նման նախագիծ է մտահղացել որպես իր քաղաքական ժառանգություն։ Ավելին, Նուլանդն անհանգստանում էր, որ Վլադիմիր Պուտինի «ամբիցիաները» կարող են դուրս գալ անգամ նախկին Խորհրդային Միության սահմաններից։

Պետքարտուղարի տեղակալը ներկայացրել է Ռուսաստանի ենթադրյալ «բռնատիրական նկրտումները» և Ուկրաինայի տարածք ներխուժելու մտադրության մասին Արևմուտքի մեղադրանքները, որոնք Ռուսաստանը բազմիցս հերքել է։ Նուլանդն այս կապակցությամբ նշել է, որ ներկայումս ուկրաինական բանակը, իբր, բավականաչափ պատրաստված է, որպեսզի իր դեմ պատերազմը լինի «արյունոտ ու դժվար»։

«Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մեզանից ոչ ոք չպետք է պատերազմ ուզենա»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր ամերիկյան մամուլի տեղեկատվությունը Ուկրաինայի տարածքից ԱՄՆ քաղաքացիների որոշակի «տարհանման» մասին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից «ագրեսիայի» կապակցությամբ։ Դիվանագետը լրատվամիջոցների հրապարակումներն անվանել է «ֆեյքային աղբի արտանետում»։