Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները ԱԺ շենքի մոտ են․ ՈՒՂԻՂ

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաև փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող և կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են և շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին  «Դեժավյու» թելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի և շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:

Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետև նախ ծնողներին կվիրավորեմ և այլն, և այլն… Բայց մենք պետք ա հասկանանք…»:

NEWS.am-ի ուղիղ հեռարձակումը