Հայտնի է, թե Բայդենը ու Պուտինը ինչ են քննարկելու

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի տեսազանգը նախատեսված է դեկտեմբերի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին, այն կանցկացվի մամուլի համար փակ ռեժիմով։ Սա հետևում է երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան կողմից տարածված ժամանակացույցից։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Բայդենի առաջիկա առցանց գագաթնաժողովն ամբողջությամբ չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, այնուհետև առաջնորդների շփումը փակ կլինի:

Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն անցած շաբաթ ասել է, որ Պուտինն ու Բայդենը կարող են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Սիրիայում իրերի դրությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ օրակարգային հարցերին։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, խոսելով գագաթնաժողովի հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների զրույցը կօգնի «հանգստացնել իրավիճակը» Եվրոպայում։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին իր հերթին ասել է, որ Բայդենը մտադիր է Պուտինի հետ բանակցություններում կենտրոնանալ Ուկրաինայի թեմայի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով, Միացյալ Նահանգների ղեկավարը նույնպես կհայտարարի Մոսկվայի հետ կայուն հարաբերությունների Վաշինգտոնի տրամադրվածության մասին։

Պուտինի և Բայդենի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսին Ժնևում, այն ժամանակ նախագահները մասնակցել են անձամբ, այլ ոչ թե տեսակապով։