Երդվում եմ հավատարիմ մնալ հորս դավանած սկզբունքներին․ Ասպրամ Կրպեյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը։

«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը, փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որն ավելի  վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել։

Ասպրամ Կրպեյանը ասաց, որ հանուն ազատ ու անկախ Հայաստանի երդվում է հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք:

«Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուրում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ, ու չկա Արցախ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է»,- հայտարարեց Ասպրամ Կրպեյանը: