«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ

«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ, հայտարարությանը կողմ էր ընդամենը 28 պատգամավոր։ Նախագիծը նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը։

Վարման կարգով «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ասաց, որ լրամշակված տարբերակը դրվելու է շրջանառության մեջ, և դեկտեմբերի 14–ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ կա ներքաղաքական բովանդակություն և ներքաղաքական  պիտակներ հետապնդող ձևակերպումներ։

«Այդ հայտարարությունները դուք գրում եք, որպեսզի մենք չընդունենք, ոչ թե ընդունենք»,–ասաց նա՝ նշելով, որ այն ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող նախագիծ է։

«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի շուրջ, և այսպիսի քննարկումները պետք է ոչ թե ընդդիմությունը, այլ քաղաքական մեծամասնությունը նախաձեռնի,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։- Այս հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և նախագծի նպատակն է զերծ պահել գործադիրին ժողովրդի թիկունքում գործողություններ կատարելուց, որը վնաս կհասցնի մեր երկրին»։