Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետին։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ «Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: