Հրաշագործ աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբում է դեկտեմբերի 4-ին։ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Ինչ է հայտնի Սուրբ Գեղարդի մասին՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը՝ ստորև։ 

  1. Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում սուրբ Գեղարդի մասին: 

Գեղարդի մասին խոսվում է Նոր Կտակարանի մեջ՝ Հովհաննեսի Ավետարանում: Այն հիշատակվում է Հիսուսի խաչելության դրվագում. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ»:

Հայ մատենագրության մեջ գեղարդը՝ նիզակի խոցող հատվածը, ծայրը, կոչվել է աստվածամուխ՝ Աստծո կողը մխրճված: Իսկ ըստ եկեղեցական ավանդության, հարվածողը եղել է Ղունկիանոս հարյուրապետը, որը հետագայում առաքյալների կողմից մկրտվեց, դարձավ քրիստոնյա, նահատակվեց քրիստոնեական հավատքը քարոզելու համար: Նա սրբադասվել է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից:

  1. Ինչպե՞ս է սուրբ Գեղարդը հասել Հայաստան և որտե՞ղ է պահվել դարեր շարունակ:

Հայ եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ աստվածամուխ սուրբ Գեղարդն առաջին դարի երկրորդ կեսին Հայաստան է բերել Քրիստոսի 12 առաքյալներից և Հայոց առաջին լուսավորիչներից սուրբ Թադեոսը: Ավանդության հիմքում սուրբ Թադեոսի վկայաբանությունն է, որը 5-րդ դարում՝ հայոց գրերի գյուտից հետո, Սամուել եպիսկոպոսն ասորերենից թարգմանել է հայերեն: Համաքրիստոնեական այս սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում:

13-րդ դարում այն հանգրվանել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ մեծ սրբության, կոչվել է Գեղարդավանք: Պռոշյան իշխանական տոհմի հիմնադիր Պռոշ Պռոշյան իշխանը 1268 թվականին արծաթե պահարան է պատրաստել տվել, որը հետագայում ավերիչ երկրաշարժից մեծապես վնասվել է:

18-րդ դարի 60-ական թվականներին՝ Սիմեոն Առաջին Երևանցի կաթողիկոսի գահակալության տարիներին, սուրբ Գեղարդը տարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մինչ օրս այն պահվում է Մայր տաճարում՝ ավանդատուն-թանգարանում:

  1. Ե՞րբ և ինչո՞ւ է ստեղծվել Գեղարդի կրկնօրինակը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշում է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Էջմիածնում պահվող Գեղարդի իսկությունը, քանի որ կան պատմական փաստաթղթեր: Գեղարդի մասին իրենց ուղեգրություններում հիշատակել են օտարերկրացի ճանապարհորդները (Տավեռնիե, Մորիեր և այլն): 19-րդ դարասկզբին, ռուսաց ցարին ներկայացնելու համար, ստեղծվել է Գեղարդի գծապատկերը՝ համապատասխան բացատրություններով: Այսօր այն պահվում է Ռուսաստանի պետական արխիվում: Այն տպագրվել է նաև Ֆերնանդ դը Մելի 1904 թ. Փարիզում տպագրված գրքում:

Գեղարդը հնարավոր հափշտակություններից զերծ պահելու նպատակով՝ 18-րդ դարում ժամանակի կաթողիկոսները պատվիրել են Գեղարդի կրկնօրինակը: Իրականը կրկնօրինակից տարբերելու համար, 1800-ական թթ. Դավիթ 5-րդ և Դանիել 1-ին հայոց կաթողիկոսներն իրենց կնիքներով կնքել են բուն Գեղարդը: Այդ սուրգուճե կնիքները մինչ օրս տեսանելի են սուրբ Գեղարդի վրա:

  1. Ի՞նչ առիթներով է սուրբ Գեղարդը դուրս բերվում պահոցից:

Արդեն մի քանի դար է՝ Սուրբ Գեղարդը Մայր տաճարից դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնությանը: Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ մյուռոնօրհությունը կատարվում է երեք մեծագույն սրբություններով՝ սուրբ Գեղարդով, Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող աջով և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչով:

2014 թվականից Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կոնդակով՝ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Տարվա ընթացքում մեկ անգամ այն դուրս է բերվում Մայր Տաճար, և հավատացյալները հնարավորություն են ունենում խոնարհվելու Տիրոջ կողը խոցած Գեղարդին:

Իսկ Մայր Աթոռում պահվող կրկնօրինակն օգտագործվում է միջազգային ցուցահանդեսներին ներկայացնելու համար:

  1. Սուրբ Գեղարդի հետ կապված ի՞նչ հրաշքներ են հայտնի:

Սուրբ Գեղարդի զորության և հրաշագործությունների մասին բազմաթիվ վկայություններ կան: Օրինակ՝ 18-րդ դարի վերջին վրաց երկու թագավորները դիմել են Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսներին՝ խնդրելով Գեղարդը տանել Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը փարատելու համար: Տարբեր հիվանդությունների բուժման նպատակով սուրբ Գեղարդը տարվել է նաև Արևելյան Հայաստանի մի շարք քաղաքներ: Գրավոր վկայությունների համաձայն՝ սուրբ Գեղարդի զորությամբ այդ հիվանդությունները վերացել են: Մեր օրերում նույնպես Գեղարդի զորությամբ հրաշքներ լինում են՝ սրբությանը հավատքով մոտեցողների կյանքում:

  1. Քանի՞ գեղարդ կա աշխարհում:

Սուրբ Էջմիածնում պահվող Գեղարդից բացի` աշխարհում հայտնի է ևս չորսը: Դրանցից ամենահինը, որը գիտնականների թվագրմամբ 7-րդ դարի է, պահվում է Վիեննայում: Դրա կրկնօրինակը գտնվում է Կրակովում: Երրորդը Վատիկանինն է, որը, ըստ տեր Ասողիկի, երբևէ չի ցուցադրվել, հայտնի է դրա հին գծապատկերը: Այն գտնվել է 11-րդ դարերում, և տարվել Կոստանդնուպոլիս: Թուրքերի կողմից Պոլսի գրավումից հետո այդ գեղարդի պահպանված հատվածը 15-դր դարում սուլթանն ընծայաբերել է Հռոմի Պապին, իսկ դրա մյուս մասը դեռ 13-րդ դարում Բյուզանդիայի կայսրը նվիրել էր Ֆրանսիայի թագավորին: Տեր Ասողիկը նշում է, որ վերջերս «հայտնաբերվել է» 4-րդ գեղարդը: Այն պահվում է Թուրքիայում՝ Զմյուռնիայի կաթոլիկ մի վանքում, և էջմիածնական Գեղարդի ճիշտ կրկնօրինակն է:

«Իրենց վկայությունների համաձայն՝ այդ գեղարդը թվագրվում է 1-ին դարով, ըստ իրենց ունեն նաև Վատիկանի հավաստագիրը: Հայտնի է, որ Թուրքիայում հաստատված այդ կաթոլիկ միաբանությունը վտարվել է Նախիջևանից դեռևս 17-րդ դարում՝ պարսից իշխանությունների կողմից, և նրանք հաստատվել են Օսմանյան կայսրության տարածքում: Արևելյան Հայաստանում եղած ժամանակ նրանք պետք է որ առնչություններ ունեցած լինեին Սուրբ Էջմիածնի հետ, պետք է տեսած լինեին մեր Սուրբ Գեղարդը: Ավելին, ժամանակին հայոց հայրապետներն օտարազգի հյուրերին, ուխտավորներին, ովքեր լինում էին Մայր Աթոռում՝ որպես նվեր ընծայաբերում էին նաև Սուրբ Գեղարդի մոմից պատրաստված օրինակը: Հավանաբար, նրանք ձեռք են բերել այդ մոմե գեղարդը, որից էլ պատրաստել են մետաղյա օրինակը: Հիշատակված այս բոլոր գեղարդները հավակնում են «Ղունկիանոսի գեղարդ» կամ «Ճակատագրի գեղարդ» անվանումների: Իսկ այդ անվանմամբ գեղարդը համարվել է աշխարհակալության ուժի խորհրդանիշ: Դրա համար է, որ պատմության ընթացքում եղել են տիրակալներ, որոնք ամեն կերպ ջանացել են ստանալ այդ խորհրդանշական առարկան: Հայոց Եկեղեցու համար Սուրբ Գեղարդը հավատքի առարկա է»,- ասում է տեր Ասողիկը: 

  1. Ո՞ւմ է տրվել սուրբ Գեղարդի «փշրանքը»:

Դարերի ընթացքում քրիստոնեական ավանդական եկեղեցիները միմյանց նվիրաբերել են համաքրիստոնեկան սրբություններ, մասունքներ: Սուրբ Գեղարդից առաջին անգամ մի «մի փոքրիկ մասունք, փշրանք», ինչպես բնորոշում է Մայր Աթոռի թանգարանների տնօրենը, Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ 2004 թվականին նվիրաբերվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի: Սուրբ Գեղարդի կոթառից վերցված փոքրիկ մասունքի ընծայաբերումը համընկել է Ռուս եկեղեցու նախորդ պատրիարք Ալեքսի 2-րդի ծննդյան 75-ամյակին: Մասունքը պահվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանքում:

Ըստ Mediamax.am