Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը

Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը ԼՂ` հեռավոր շրջաններում գտնվող պլանտացիաներում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

«Ասկերանի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Այս փուլում տեղի է ունենում խաղողի տնկիների փոխպատվաստում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

Աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` ռուս խաղաղապահների կողմից տարածքը պայթյունավտանգ առարկաներից, չպայթած զինամթերքից մաքրելուց, ականազերծելուց հետո:

«80 թվից ապրում եմ ԼՂ-ում: 20 տարի աշխատում եմ այս կողմերում, նռան ու խաղողի պլանտացիաներում: Պատերազմից հետո չէինք կարողանում աշխատել: Խաղաղապահները եկան, մեզ օգնեցին, ու մենք նորից կարող ենք աշխատել: Եթե խաղաղապահները չլինեին, մենք մեր իսկ հողում չէինք կարողանա աշխատել: Մեր անվտանգությունն իրենք են ապահովում. առանց նրանց չէինք կարող աշխատել»,- ասել է տեղի բնակիչ Աիդա Գրիգորյանը:

Տեղի բնակիչները ռուս զինվորականների օգնությանն են դիմում, որ կարողանան պլանտացիաները ձմռանը նախապատրաստելու պլանային աշխատանքներն իրականացնել: Նրանք պետք է աշխատանքներն ավարտեն ամենակարճ ժամկետներում` ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո: