Ինչո՞ւ ԱՀԿ-ը չի հաստատում ռուսական «Սպուտնիկ վի» պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաձգում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական «Սպուտնիկ վի» պատվաստանյութի հաստատումը բյուրոկրատական խոչընդոտների պատճառով. La Nacion-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը սերտ կապեր է պահպանում ԱՀԿ-ի հետ, և մենք հասկանում ենք, որ դեռևս կան փոքր խոչընդոտներ մեր ճանապարհին, բայց դրանք կրում են բացառապես բյուրոկրատական բնույթ»,- ասել է նա։

Դմիտրիևն ասել է, որ «Սպուտնիկ վի» արդյունավետությունն ապացուցվել է ամբողջ աշխարհի իրական տվյալների հիման վրա և հաստատվել է հեղինակավոր բժշկական ամսագրերի հրապարակումներով, ուստի ռուսական կողմը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու ԱՀԿ-ը չի ցանկանում ճանաչել ռուսական պատվաստանյութը։

Նա հավելել է, որ ԱՀԿ-ի հաստատումից հետո «Սպուտնիկ վի» պատվաստումը ռուսաստանցիներին հնարավորություն կտա ավելի շատ երկրներ մուտք գործել։