ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան։

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն, որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»,- համոզված էր Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Մովսես Գորգիսյանը։

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։

Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալի ապագա էին կանխորոշում: 1984 թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87 թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987 թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:

1988-90 թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:

1988 թվականի մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ ծածանվեց անկախ Հայաստանի խորհրդանիշ Եռագույն դրոշը: Այն իր հետ հրապարակ էր բերել ու բարձրացրել Մովսես Գորգիսյանը:

Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը՝ որպես ապագա ազգային բանակի հիմք։

1990 թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավանը: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:

Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է  Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:

«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը», ասում էր հերոսը: