Սպասվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հերթական համատեղ զորավարժությունները

Նոյեմբերի վերջին Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխության դեմ։ Մտահոգություն հայտնելով Անդրկովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտությունների վերաբերյալ՝ կոչ է արել զսպվածություն ու հարգանք ցուցաբերել տարածքային հարաբերությունների և ամբողջականության նկատմամբ՝ միաժամանակ հայտնելով Իրանի ուժեղ հակադրությունը տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխության դեմ։ Կոչ անելով ամրապնդել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ Աբդոլլահիանը հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ ամրապնդել իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ տնտեսական հանձնաժողով կանցկացվի։

Կարևոր է հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Աբդոլլահիանը, երբ իր զրուցակցին ասել է Իրանի մտադրության մասին՝ «վճռականորեն ընդդիմանալու տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը»։ Մյուս կողմից, Ռուսաստանն ամեն ինչ «թողել է ինքնահոսի» և նույնիսկ համոզում է. մեր հովանու ներքո, ՎԵՐԱՆԱՅԵՔ սահմանները՝ հաշվի առնելով «միմյանց շահերը»՝ հիմնվելով ԽՍՀՄ / Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների վրա: Մոսկվայի մասնակցությամբ, իհարկե։ Իրանը պատրա՞ստ է  արդյոք իր զորքերն ուղարկել «վիճելի շրջաններ», եթե խոսում է նախկին խորհրդային հանրապետությունների միջև նախկին վարչատարածքային սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին։ Մենք այս հարցին պատասխան չունենք։ Սակայն մեր ընթերցողներին ևս մեկ անգամ առաջարկում ենք՝ մի շփոթվեք և մի սիրաշահվեք Իրանի արտգործնախարարի հայտարարությամբ․ եթե Իրանը գործի և «վճռականորեն ընդդիմանա», ապա դա կբխի միայն և միայն իր պաշտպանության և անվտանգության շահերից։ Հայաստանի քաղաքացիներ, հույս մի՛ դրեք ոչ մեկի վրա, քանի որ ընտրել եք ոչ տարածաշրջանային երկրների խամաճիկներին և հրաժարվել մեր անվտանգության իրական երաշխավորից՝ Հայաստանի և Արցախի բանակներից, իսկ առանց բանակի չի կարող գոյություն ունենալ ինքնիշխանություն։

Մեր իրավիճակում, ցավոք, մնում է միայն հուսալ, որ համատեղ գործողությունները, այս դեպքում՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ գործողությունները, կջախջախեն խամաճիկների ռեժիմի «տերերի» մարդատյաց ծրագրերը, որոնց շրջանակներում նաև պանթուրքիզմի խթանումը։ Մենք, ինչպես և նախորդ տարիներին, վստահ ենք այն պնդման ճշմարտացիության մեջ, որ մեր աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և պատահականություններ չեն լինում։ Նոյեմբերի 28-ին Իրանի Ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA) տված հարցազրույցում Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շահրամ Էրոնին ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են Իրանի հետ կանոնավոր ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պատրաստակամության մասին. «Երկրի ռազմածովային ուժերը ամենամյա զորավարժություններ են անցկացնում։ Այս տարի նույնպես զորավարժութոյւններ ենք անցկացնելու։ Մենք տարբեր երկրների ենք հրավիրել մասնակցելու զորավարժություններին, և Ռուսաստանն ու Չինաստանն արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը»։

Այս կապակցությամբ հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անց են կացրել իրենց առաջին քառօրյա համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Զորավարժությունները, որոնք ստացել էին «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, ընդգրկում էին 17 000 քառակուսի կիլոմետր ջրային տարածք և բաղկացած էին տարբեր մարտավարական զորավարժություններից, ինչպիսիք են թիրախների մշակում և նավերը հարձակումներից ու այնպիսի միջադեպերից փրկում, ինչպիսիք են հրդեհները և այլն: ԱՄՆ-ը փորձել է խափանել այս զորավարժությունները։ Իսկ երբ դա ձախողվեց, այդ զորավարժությունների ավարտից գրեթե անմիջապես հետո 2020 թվականի հունվարի 3-ին իրականացրել է իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի ահաբեկչական սպանությունը։

Իսկ ահա թե ինչ է ասել Թեհրանում ՌԴ դեսպան Լևոն Ջագարյանը այս տարվա օգոստոսյան զորավարժությունների մասին. Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը 2021 թվականի վերջին կամ 2022 թվականի սկզբին Պարսից ծոցում կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք ստացել են CHIRU անվանումը՝ միջազգային փոխադրումների անվտանգության ապահովման և ծովահենության դեմ պայքարի նպատակով․ «Հիմնական նպատակը միջազգային նավագնացության անվտանգության ապահովման և ծովահենների դեմ պայքարի համար գործողություններ մշակելն է»,- ասել է Ջագարյանը «Sputnik»-ին տված հարցազրույցում։ Սակայն մենք իրավունք ունենք ակնկալելու, որ Եվրասիայի երեք տերությունների ռազմական նավաստիները լուծելու են ոչ միայն արդեն հայտարարված խնդիրները. իրավիճակն աշխարհում շատ ավելի սուր է, քան 2019-ի վերջին…

Սերգեյ Շաքարյանց