Նորվեգիան դեմ է Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը

Նորվեգիայի նոր կառավարությունը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորքերի ներկայությանը։ Այս մասին հինգշաբթի Verdens Gang  թերթին հայտնել է Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավար Աննիկեն Հյուիտֆելդը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Նորվեգիայի համար «շատ կարևոր է ռազմական ներկայություն ունենալ մերձակա տարածքներում (Նորվեգիայի սահմաններին)»։ Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանի սահմանի անմիջական մերձակայքում ինքնուրույն գլուխ հանի՝ սեփական ինքնաթիռների և ռազմական նավերի օգնությամբ՝ Նորվեգիայի զինված ուժերի միջոցով։

«Նորվեգիայի շահերից է բխում սեփական զինված ուժերի օգնությամբ ինքնուրույն հոգալ այդ տարածքների մասին»,- հավելել է ԱԳ ղեկավարը։

Արտգործնախարարը նախատեսում է այդ հարցը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ։