Մենք Ադրբեջանի տարածքով կապ ենք ստանում ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով՝ Իրանի հետ․ Արմեն Սիմոնյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում: Հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են 4 կետով այն մեխանիզմները, որոնց հիման վրա այդ ամենը պետք է արվի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: -Այսինքն ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մասնակցությամբ և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Նույն հայտարարության մեջ նշվում է, որ որպես առաջնահերթություն դիտարկվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները: Երկաթուղու մասով ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք: Մեկը Երասխից դեպի Նախիջևան անցնող ուղղությունն է, մեկը հարավով, Մեղրիով անցնող ուղղությունն է: Մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է, և ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում»,- ասաց փոխնախարարը, նշելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է և այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները, որևէ հստակություն չկա։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն», – ասաց Արմեն Սիմոնյանը։