Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունենում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունը։

Տղաներից Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ տղաները մեզ հետ չեն․ «2020 թվականի հոկտեմբերի 12-ին, լսելով այդ չարաբաստիկ լուրը, տեղի ունեցածի մասին, մենք հույս էինք պահում, որ հրաշք կլինի ու տղաներից փրկված կլինեն։

Դեպքից օրեր անց ադրբեջանական մեդիահարթակում արդեն տեսագրություն կար Ցորի Դ-20-ի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ հստակ մեր տղաների 10 մարմիններն առկա էին։ Շատ երկար փնտրումներ իրականացրեցինք։ Զինադադարից հետո որոնողական աշխատանքներին էինք մասնակցում։ Դռնեդուռ ընկանք որևէ բան իմանալու համար, սակայն ամենուր անորոշություն էր։

Հարցերը շատ էին, պատասխաններ չկային։ Ամիսներով փնտրում էինք։ Առաջին անգամ, երբ մտանք կրակային դիրք, մեր տղաներին չգտանք, մարմինների հետքերը երևում էին, բայց մարմինները չկային։ Այստեղից հանեցինք 5 զինծառայողի մարմին, մասունքներ, մնացածից տեղեկություններ չկային։ Ապա գտանք մեր տղաներից ևս երկուսին, ապա՝ Սամվելին»։

«Ինչպես տեսանք, հարցերի հանգուցալուծումն ամենավատը եղան։ Երկար չարչարումներից հետո ադրբեջանական կողմը մեզ փոխանցեց մեր տղաների մասունքները։ 20 հոգուց որևէ մեկը կենդանի չէ։ Հույս ունենք, որ գոնե հրետանու պետը՝ փոխգնդապետ Հայրապետյանը, ով դեպքի հաջորդ օրը կապի մեջ էր, ողջ է։ Նրա հետ ևս կապը կորել է»,-ասաց նա։

«Ինչ արած, դաժան է․․․ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Դավիթ Ազատյանին, Ռուբեն Պողոսյանին, Նարեկ Օհանյանին, Արտակ Միքայելյանին, Վահե Պապյանին, Հայկ Անտոնյանին, Սամվել Պողոսյանին, Հայկ Պապիկյանին, Կարեն Դանիելյանին։

Այսօր հուղարկավորվել է նաև Հայկ Մելիքյանը և Արտյոմ Տեփանյանը։

Մենք հրաժեշտ ենք տալիս նրանց մարմիններին, բայց համոզված ենք, որ նրանք իրար հետ են՝ Աստծո հովանավորության տակ։ Նրանց հետ են նաև Արթուրը, Գեորգին, Նաիրին, Նվերը, Վաչագանը, Վահեն, Սամվելը, Լևոնը»,-ասաց հերոսի հայրը՝ չկարողանալով զսպել արցնունքները։

Լուսանկարները՝ Panorama.am