Կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրական անհամապատասխանությունը կուսումնասիրի նաև դատախազությունը

«Նոր հայտնաբերված «Օմիկրոն» շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են անցկացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք և արդյոք պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ»,- կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի, եթե պատվաստանյութերի արդյունավետության  որոշակի նվազում տեղի ունենա նոր շտամի վարակելիության առումով, միևնույն է՝ տվյալ հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում է մնալ հիվանդության դեմ պայքարի ամենարդյունավետ և միակ միջոցը:

Ավանեսյանը շեշտեց, որ պատվաստման արդյունավետության որոշ նվազման մտահոգությունը կար նաև «Դելտա» շտամի դեպքում, բայց, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքերը:

«Տոկոսային առումով արդեն իսկ մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 %-ը ստացել է առաջին դեղաչափը և ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 23.9 %-ը»,-հայտնեց Ավանեսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հիվանդացության առումով գրանցվել է նվազում,  նշելով, որ այսօր արձանագրվել է 558 նոր դրական դեպք՝ 9013 թեստավորման դեպքում և գրանցվել է 21 մահ:

«Կա 12465 ակտիվ դեպք, դրանց մեջ  պատվաստված քաղաքացիների թիվը 1068-ն է (8.6%) և 2349 հոսպիտալացվածներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է»,-նշեց Ավանեսյանը:

Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ՀՀ վիճակագրական կոմիտեի և «Արմմեդ» համակարգի տարբերությունը պարզելու ուսումնասիրությունը շարունակվում է և ավարտից հետո կներկայացվեն արդյունքները:

Նախարարը հայտնեց, որ «Արմեդ»  համակարգը որոշ մահվան տվյալներ չի ներառել իր վիճակագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ծառայողական քննության ավարտից հետո էլ հանձնարարաել է, որ գործն ուղարկվի դատախազություն, որպեսզի եթե կա չարամտություն՝ մեղավորները պատժվեն, եթե տեխնիկական է խնդիրը, ապա դրանք վերացվեն: