Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 55 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, 55 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին հայտնում է Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնել էր, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «Browning» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի  ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: