ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման մտադրության մասին Բլինկենը դեռևս հանդիպումից առաջ ասել էր լրագրողների համար իր հայտարարության ընթացքում:

«Երկուսս էլ կարևորում ենք տարբեր հարցերում մեր տեսակետները համեմատելը, այդ թվում և իրադրությունն Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, Արևմտյան Բալկաններում, ինչպես նաև Կովկասում և մի շարք այլ ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր հարցերի շուրջ ԱՄՆ և Թուրքիայի միջև տարվող կարևոր աշխատանքին ու համագործակցությանը»,- հայտնել էր Բլինկենը:

Հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Չավուշօղլուն՝ նշելով. «Պետքարտուղար Բլինկենի հետ քննարկեցինք զարգացումները Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում և Կովկասում, ինչպես նաև խոսեցինք երկկողմ հարաբերությունների մասին»: