Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն Իշխանասարից․ Վահե Հակոբյան

«Այդտեղ մաքսակետ ունենալու տրամաբանությունը ո՞րն է, ադրբեջանական ո՞ր մի մեքենան է գալու այդտեղ մաքսազերծվի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ իրանական բեռնափոխադրումների համար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհն ավելի գրավիչ է մի շարք պատճառներով։

«Նախ այդ ճանապարհն ավելի լայն է, ծանրաբեռնված չէ, և իրանցիներն ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք։ Այլընտրանքային` Տաթև-Աղվանի ճանապարհի վրա տեսնում ենք ինչպիսի խցանումներ են, մառախուղ, երբ ձյուն գա, պատկերացրեք` ինչ վիճակ կլինի։ Եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, բլոկվում են բոլոր մեքենաները ու այդ հատվածը 2-3 ժամում են անցնում»,– ասաց նա։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` Հակոբյանը նշեց. «Երբ այս Կառավարությունը փոխվի, մեզ հաջողվի իրենցից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց շարժառիթները կբխի ազգային և պետական շահից, մենք կունենաք հնարավորություն ազատելու այդ ճանապարհները, և ոչ միայն դա, նաև Ճակատենը և այլն»։

Վահե Հակոբյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը պատրաստ է այդ պարտավորություններն ստանձնել` առաջին պլան բերելով ազգային ու պետական շահը։

Խոսելով տարածված այն տեղեկությունների մասին, որ Իշխանասարից ադրբեջանական զորքը հետ է քաշվել, Վահե Հակոբյանն ասաց․ «Քանի որ հիմա այնտեղ եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, ըստ երևույթին ադրբեջանցիները մտել են իրենց կայանների մեջ ու պետք չէ ինչ-որ գյուղապետի վրա հղում անել։ Ինչո՞ւ պետք է հետ քաշվեն, իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ անձնավորություն է, ինչո՞ւ պետք է հետ քաշվեն։ Այն պնդումը, որ հետ են քաշվել, որևէ հիմք չունի, ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, սա իմ կարծիքն է»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։