Միայն երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համոզված է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։ Միշելը նման հայտարարություն է արել «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։

Նրա խոսքով` տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր և պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան նոր ջանքեր։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն»,–ասել է նա։

Միշելը վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա, ըստ նրա, ներառում է վստահության ամրապնդումն ու կայուն կարգավորման խթանումը։