Չմոռանանք մեր ինքնությունը

Երբ հուզող խնդիր կա, մարդը փորձում է պատճառները գտնելու և վերացնելու ուղիներ փնտրել, և այդ ժամանակ նա չի կարող կարճ, մի երկու նախադասությամբ ամփոփել միտքը: Սովորաբար երևույթը ներսից իմանալու պարագայում է խնդրի լուծումը գտնվում: Մերը մեր ներսի խնդիրն է: Թումանյանի նման հանճարն է տեսել մեր ազգի ներսը և ցավով ասել` ներսից ենք հիվանդ: Բայց ոչինչ ինքնիրեն ներսից չի փչանում. բնության մեջ էլ է այդպես` եթե պտղի մեջ որդ է առաջանում, ապա պատճառը կարկուտի հարվածն է եղել, որ վնասել է պաշտպանիչ կեղևի ամբողջականությունը։ Կամ հիվանդ են հողն ու ոռոգող ջուրը, որոնք նույնպես արտաքին ազդակներ են… Իսկ հողը և ջուրը հիվանդանում են, որովհետև հողի տերը կա՛մ չի պարարտացրել, կա՛մ թունավոր նյութեր է լցրել հող ու ջրի մեջ: Եթե հզոր են արտաքին ազդակները, և նպատակաուղղվածությունը հստակ նյութական շարժառիթ ունի, ապա ցանկացած կործանիչ նպատակ իրագործելի է: Մեր ժողովրդի, մեր ազգի հավաքական նպատակները թեև եղել ու մնում են հոգևոր դաշտում, բայց աշխարհը նյութական է, և պետք է նաև հաշվի նստել ֆիզիկական աշխարհի և այդ աշխարհում ապրող ժողովուրդների նյութականաշահ մտածողության ու հեռահար նպատակների հետ: Աշխարհը զինվում է իր և այլոց ստեղծած զենքերով, ասես կան այլ բարբարոսներով բնակեցված մոլորակներ, որտեղից վտանգ կա Երկիր մոլորակին ու նրա ժողովուրդին… Բայց դա այդպես չէ. մենք զինվում ենք իրար դեմ… Մեզ՝ հայերիս նույնպես ներքաշել են այդ կործանարար խաղի մեջ… Դե գոնե ինքներս արտադրենք մեր ԶԵՆՔԸ և մեր ժողովրդի վաստակած փողն ուրիշին չտանք… Մեր հոգևոր աշխարհընկալումը` ո՛չ կրոնական իմաստով, մեր մշակույթն է իր բոլոր դրսևորումներով` բանաստեղծական խոսք, երաժշտություն, գեղանկարչություն և գեղարվեստ` միահյուսված ճարտարապետությանը, և այս բոլորը միավորող փիլիսոփայություն: Փիլիսոփայական մտածողություն ունեցող մեր Ազգը և առավելապես ՝ժողովուրդը իջե՞լ է, թե՞ իջեցրել են նյութականության խորխորատ, որտեղից դուրս գալու համար հոգևոր մեծ թռիչք է պետք… Ունե՞նք մենք արդյոք այդ հզոր ուժը… Այո՛, ունենք: Հիշենք «քառսուն գազ» խորությամբ հորի մեջ և «քառսուն ջրաղացի քարը» վրան շղթայակապ Սասունցի Դավթին… Ու թվում էր, թե այդտեղ էլ կավարտվի Դավթի՝ ասել է թե Սասունի գոյությունը… Բայց Դավիթը Աստվածային ուժ գտավ գիտե՞ք երբ, երբ հորեղբայրը՝ Ձենով Օհանը, հիշեցրեց նրան իր ով լինելը և նրա բարոյական և հոգևոր արժեքները, կանչեց Դավթին և ասաց. «Հիշի՛ր Խաչ Պատերազմին վըր քու աջ թևին…»։  Դավիթը այդ բարոյական և հոգևոր արժեքների անդավաճան կրողն էր… Եվ կտրելով երկաթե շղթաներն ու փշրելով ջրաղացի քարերը՝ դուրս եկավ հորից, ազնիվ կռվեց ու հաղթեց… Սա մեզ մեծ դաս է, հիշեցում և հաստատում… Մենք անպարտ ենք, երբ հիշում ենք, ավելի ճիշտ, երբ չենք մոռանում մեր ինքնությունը… Չմոռանանք մեր ինքնությունը, Հայե՛ր…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս