Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ․ Արմեն Ղազարյան

«Անցած տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով»,-այս մասին հայտարարել է Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որն այսօր առցանց տարբերակով մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Միգրացիոն ծառայությունը։ Նա նշել է, որ Արցախի դեմ պատերազմը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարածաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար։

Գործակալության պետը մանրամասնել է, որ Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։

Արմեն Ղազարյանն անդրադարձել միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։

«Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»,-ասել է նա։